ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆ
Եղեք առողջ [14]
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հոդվածներ » Եղեք առողջ

Ներհիվանդանոցային վարակների նախականխում. Կրթական ասպեկտ
Ներհիվանդանոցային վարակները ցանկացած բուժհաստատության աշխատանքի որակի հիմնական ցուցանիշներն են: Ներհիվանդանոցային վարակները նախականխելու գործում հենց բուժքույրական անձնակազմն է առաջատար դեր խաղում: Բուժքրոջ յուրաքանչյուր քայլը, անկախ նրանից, թե որտեղ է նա աշխատում՝ ընդունարանում, հիվանդասենյակում, բուժգործողությունների սենյակում, վիրակապարանում թե մեկ այլ տեղ, պահանջում է բարձր մշակույթ եւ սանիտարական նորմերի պահպանում: Սանիտարահիգիենիկ ռեժիմի պահանջների ամենօրյա հետեւողական եւ անվերապահ կատարումը վարակի նախականխման միջոցառումների հիմքն է:
Հիվանդների եւ բուժաշխատողների վարակային անվտանգության խնդրի ապահովումն իրականացնելու համար բժշկական ուսումնարանների եւ քոլեջների դասախոսները եւ ուսանողները, առողջապահության միջին օղակի աշխատողները՝ բուժքույրերը, մանկաբարձները, ֆելդշերները եւ մյուս մասնագետները պետք է հստակ յուրացնեն եւ կանոնավորապես նորացնեն անհրաժեշտ գիտելիքները:
Անհրաժեշտ է հիշել, որ՝
-բուժաշխատողը կարող է հանդիսանալ (կախված համաճարակաբանական իրավիճակից)  ներհիվանդանոցային վարակների ինչպես աղբյուր, այնպես էլ դրանից տուժող,
-նրա գիտելիքներից եւ կարողություններից է կախված ոչ միայն հիվանդների, այլեւ բուժական գործընթացի բոլոր մասնակիցների անվտանգությունը:  
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակները դիտարկում է որպես հիվանդանոցային միջավայրի հինգ ագրեսիվ գործոններից մեկը:
Այդ գործոնների (թունավոր նյութերի, ճառագայթման, վարակների, ֆիզիկական եւ հոգեհուզական բեռնվածության ներգործություն) ուսուցմանը անհրաժեշտ ուշադրություն է դարձվում, ինչը նպաստում է արդեն աշխատող անձնակազմի եւ ապագա բուժաշխատողների առողջական վիճակի վրա այդ գործոնների բացասական ներգործության նվազեցմանը:
Բուժաշխատողների մասնագիտական հիվանդությունների կառուցվածքում հատկապես կենսաբանական գործոնն է առաջնային տեղ գրավում: Յուրաքանչյուր բժշկական ուսումնական հաստատությունում անընդհատ ուսուցումը պետք է դառնա ռազմավարական ուղղություն: Պետք է ուսուցանել ամեն ինչ եւ, առաջին հերթին, ձեռքերը լվանալու նոր տեխնոլոգիաներ, հիգիենիկ եւ վիրաբուժական անտիսեպտիկա, կանխարգելման ստանդարտ միջոցառումներ մասնագիտական վարակներից նախապաշտպանվելու համար: Պատշաճ ուշադրություն պետք է դարձնել բժշկական նշանակության առարկաների վարակազերծման  մանրեազերծման ընթացքում հաճախակի թույլ տրվող սխալներին: Ուսուցանել անհրաժեշտ է մշտապես, անկախ բուժաշխատողի որակավորման աստիճանից, քանի որ ժամանակի ընթացքում գիտելիքները եւ հմտությունները կորսվում են:
Յուրաքանչյուր  ուսուցում պետք է  ուղեկցվի   հմտությունների  ցուցադրմամբ  եվ  թույլ  տրված  սխալների  գնահատմամբ:  Ուսուցման մեջ  հաջողությունն  ավելի  արագ  ձեռք  է  բերվում  այնտեղ,  որտեղ կազմվում է կատարվելիք բոլոր բուժգործողությունների ցուցակը: Դրանք այնքան էլ շատ չեն:
Ինչպե՞ս  փոխարինել վիրաբույժին վթարային իրավիճակում, ինչպե՞ս փոխել ձեռնոցները, եթե դրանք պատռվել են հենց վիրահատության ընթացքում եւ հապաղումը հղի է հիվանդի համար բարդություններով: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար հաշվեկանոնների(ալգորիթմ) կազմմանը, պայմանավորված տվյալ բուժհաստատությունում աշխատանքի առանձնահատկություններով, կարելի է ընդգրկել բուժհաստատության համաճարակաբանին, տեղի սանիտարական ծառայության աշխատակիցներին: Նմանատիպ հաշվեկանոնների օգնությամբ ակտիվ վարժանքները հնարավորություն են տալիս բուժգործողության կատարման կարծրատիպ մշակել, որը հետագայում զգալիորեն հեշտացնում է բուժքույրերի  աշխատանքը, թույլ է տալիս վերահսկել մանիպուլյացիաների կատարման որակը: Լավ մշակված հաշվեկանոնը գրեթե ստանդարտ է, իսկ ստանդարտը երաշխավորում է մանիպուլյացիաների նկատմամբ միասնական մոտեցում՝ անկախ նրանից, թե որ բաժանմունքում է աշխատում բուժքույրը: Այդպիսի վարժանքները թույլ են տալիս բացառել այն ավելորդ գործողությունները, որոնք վնասում են հիվանդին եւ բուժանձնակազմին՝ հարուցելով բարդություններ եւ վնասվածքներ: Եթե նախկինում կրթությունը առաջ էր անցնում պրակտիկայից միջինը հինգ տարով, ապա այսօր, մտնելով լսարան մտածում ես՝ հետաքրքիր է, ունկնդիրների համար արդիակա՞ն է արդյոք այն, ինչի մասին մենք այսօր խոսելու ենք: Մեր(ես նկատի ունեմ դասախոսներիս) որակավորման բարձրացումը տեղի է ունենում ոչ թե հինգ տարին մեկ անգամ եւ նույնիսկ տարվա ընթացքում հինգ անգամ, այլ գրեթե ամեն օր: Բժշկական ամսագրերի ընթերցանությունը, կոնֆերանսներին մասնակցելը, քույրական գործի տարբեր աստիճանի կազմակերպիչների հետ խորհրդակցությունները, համակարգչում տեղեկատվության փնտրտուքը օգնում են ձեւավորել դասախոսության բովանդակությունը: Լավ կլիներ դասավանդումը զուգորդել բուժհաստատությունում տարվող աշխատանքի հետ եւ, կարծում եմ, մոտ ապագայում այդպես էլ կլինի: Բայց, ցավոք, այդ մասին առայժմ պետք է երազել: Մասնագետին տեսական գիտելիքների հաղորդման եւ իրականության միջեւ նշանակալի անդունդ կա: Որպեսզի ստացած գիտելիքները օգնեն շրջանավարտներին հնարավորինս արագ հարմարվել մասնագիտությանը, իսկ բուժքույրերը հասնեն որոշակի հաջողությունների եւ իրենց կատարած աշխատանքից գոհ մնան, այսօր, ինչպես երբեք, պահանջվում է կրթական հաստատությունների եւ պրակտիկ առողջապահության ջանքերի միավորում: Ընդհանուր մեթոդական ձեռնարկների ստեղծումը այս ընդհանուր խնդրի մի մասն է: Այդպիսի ձեռնարկների ստեղծման եւ կրթության ու բուժանձնակազմի վերապատրաստման շարունակական գործընթացն էականորեն կրճատում է տեսության եւ պրակտիկայի միջեւ առկա անջրպետը, նպաստում է հիվանդների կյանքի եւ առողջության նկատմամբ բուժանձնակազմի պատասխանատվության մեծացմանը, ինչի մասին երազում են հիվանդներն ու առողջները, մենք բոլորս: Չէ՞ որ մասնակցելով հիվանդների բուժմանն ու խնամքին, դրանով իսկ մենք «բուժում ենք» ինքներս մեզ:

                                                                            Ջուլիետա  Ջոկլինյան
Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրեն, թերապեւտ

Ենթաբաժին: Եղեք առողջ | Ավելացրեց: Admin (17.10.2012)
Դիտում: 1819 | Քննարկում: 1 | Հեղինակություն: 5.0/1
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները
[ Գրանցում | Մուտք ]
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Օգտակար էր արդյոք կայքը Ձեզ համար
Ընդամենը քվեարկել են: 231
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին