ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆ
Եղեք առողջ [14]
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հոդվածներ » Եղեք առողջ

Նորը բժշկության մեջ /«ՄԻԱՎ / ՁԻԱՀ» / Պատմական ակնարկ

ՄԻԱՎ վարակի համաճարակը լուրջ պրոբլեմ է ողջ աշխարհում: Համաճարակի ընդամենը 20 տարվա տարեգրությունը ցույց է տալիս, որ ՁԻԱՀ-ը կարող է ամայացնել ամբողջ պետություններ, կյանքից զրկել միլիոնավոր մարդկանց: Ցավոք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակը չի շրջանցել Հայստանի հանրապետությունը: Միայն 2002թ.-ին հանրապետությունում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 40 նոր դեպք, որն ամենաբարձրն է նախորդ տարիների նկատմամբ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի հետագա զարգացումը կասեցնելու համար անհրաժեշտ են խորը գիտելիքներ՝ ՄԻԱՎ –ի փոխանցման ուղիների, հիվանդության զարգացման, բուժման եւ կանխարգելման վերաբերյալ:
1987թ. ապրիլի 7-ին բուժքույրերի միջազգային միությունը եւ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միասին կազմեցին դեկլարացիա  ՁԻԱՀ-ի կապակցությամբ, որում որոշվեցին բուժքույրերի իրավունքներն ու պարտականությունները ՄԻԱՎ  ինֆեկցիայով վարակված մարդկանց օգնություն ցուցաբերելիս: Իհարկե, դեկլարացիայից օգտվելիս պետք է հաշվի առնել տեղային պայմանները, սովորույթները, կրոնը եւ ազգային արժեքները:
Որպես ինքնուրույն հիվանդություն, ՁԻԱՀ-ը առաջին անգամ արձանագրվել է 1981թ. ԱՄՆ-ի հիվանդությունների հսկման կենտրոնի կողմից: Մինչեւ 30 տարեկան 5 երիտասարդ հոմոսեքսուալ տղամարդկանց մոտ ախտորոշվել էր թոքաբորբ, որի հարուցիչը Pneumocystis carini—ն, որը պայմանական ախտածին մանրէ է եւ առողջ մարդու համար վտանգավոր չէ, իսկ թուլացած իմունային համակարգ ունեցողների մոտ կարող է հիվանդություն առաջացնել: գրեթե նույն ժամանակահատվածում 26 հոմոսեքսուալ երիտասարդ տղամարդկանց մոտ արձանագրվել էր Կապոշիի սարկոմա: Այս հիվանդությունը եւս հազվադեպ է հանդիպում ԱՄՆ-ում, այն էլ տարեց տղամարդկանց մոտ: Շուտով հոմոսեքսուալ տղամարդկանց մոտ հայտնաբերվեց եւս 2 հիվանդությամբ հիվանդության անսովոր աճ (խրոնիկ գեներալիզացված լիմֆոադենոպաթիա եւ դիֆուզ ոչ խոջկինյան լիմֆոմա): Այդ բոլոր հիվանդությունների ընդհանուր հատկանիշն իմունային համակարգի ծանր ախտահարումն էր եւ ախտանիշների այդ համալիրը կոչվեց ձեռքբերովի իմունային անբավարության համախտանիշ: Հիվանդության վիրուսային բնույթը պարզվեց 1983թ.-ին գրեթե միաժամանակ Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում, երբ  ՁԻԱՀ-ով հիվանդների լիմֆոցիտներից եւ ավշային հանգույցների պունկտատից անջատեցին վիրուսը, որին հետագայում անվանեցին մարդու իմունային անբավարարության վիրուս՝ ՄԻԱՎ: Շուտով հայտնաբերեցին, որ գոյություն ունի ՄԻԱՎ-ի 2 տեսակ՝ ՄԻԱՎ 1 եւ ՄԻԱՎ 2:  Արխիվային հիվանդության պատմությունների ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիվանդության դեպքեր Ամերիկայում եղել են դեռեւս 50-60-ական թվականներին եւ եւ ավելի վաղ: Ենթադրում են, որ հիվանդությունը ԱՄՆ է եկել Աֆրիկայից, որտեղ հավանաբար զոոնոս վիրուսը վերափոխվել է մարդու վիրուսի: Այդ մասին է խոսում նաեւ 50-ական թվականների վերջերին Կենտրոնական Աֆրիկայի երկրներից գնված դոնորական արյան նմուշներում ՄԻԱՎ-ի առկայությունը:
 

ՄԻԱՎ-ի ծագման վերաբերյալ առկա վարկածները

Վարկածներից մեկը պատկանում է ամերիկացի գիտնական Ռոբերտ Գալլոյին: Ըստ նրա, ՄԻԱՎ-ն առաջացել է հեռավոր անցյալում՝  Աֆրիկայում:
Մեկ այլ վարկածի համաձայն, վիրուսը ստեղծվել է արհեստականորեն Պենտագոնի գաղտնի ռազմական լաբորատորիաներից մեկում՝ գենային ինժեներիայի մեթոդների օգնությամբ եւ փորձարկվել է մահապատժի կամ ցմահ բանտարկության դատապարտված կալանավորների շրջանում՝ փորձարկումների ավարտից հետո նրանց ազատելու պայմանով: Այս կալանավորների միջոցով էլ հետագայում ՄԻԱՎ-ը տարածվել է ԱՄՆ-ի բնակչության շրջանում: Այս վարկածը չունի հիմնավոր ապացույցներ: Բացի այդ, գենետիկայի եւ գենային ինժեներիայի բնագավառի գերակշիռ մասնագետների կարծիքով, ՄԻԱՎ-ը ունի բնական ծագում, քանի որ այն ունի շատ բարդ կառուցվածք եւ ներկայիս գիտական ու նյութական բազայի վրա դժվար է ստեղծել նման արհեստական վիրուս, բացի այդ, իր կառուցվածքով այն չափազանց նման է բնական ռետրովիրուսին:
Մեկ այլ վարկածի համաձայն, ՄԻԱՎ-ն առաջացել է կապիկների նմանատիպ վիրուսի մուտացիաների հետեւանքով: Ենթադրում են, որ այն առաջացել է հասարակածային Աֆրիկայի այն տարածքներում, որտեղ բնակվում են կանաչ կապիկներն ու շիմպանզեները: Կապիկից մարդուն փոխանցվել է կապիկի հում մսի կամ ուղեղի օգտագործման հետեւանքով, որոշ ավանդական ծեսերի կատարման ժամանակ: Օրինակ՝ Աֆրիկայի բնիկների սովորույթի համաձայն, կանանց եւ տղամարդկանց սեռական ակտիվությունը բարձրացնելու նպատակով նրանց ցայլքային, ազդրային կամ մեջքի շրջանում կապիկների արյուն էին ներարկում: Ադապտացիայի եւ նոր օրգանիզմում երկարատեւ գոյատեւելու արդյունքում վիրուսը մուտացիայի է երթարկվել եւ մարդու համար դարձել է ախտածին: Հնարավոր է, որ մուտացիայի պատճառ է դարձել XX դարի 50-60-ական թվականներին միջուկային զենքի բազմաթիվ փորձարկումների հետեւանքով ռադիացիոն ֆոնի բարձրացումը: Բացի վիրուսի վրա մուտացիոն ազդեցությունից, ռադիացիոն ֆոնի բարձրացումը կարող է հանգեցնել տեղի բնակչության ընդհանուր դիմադրողականության անկմանը եւ ՄԻԱՎ-ի վարակի նկատմամբ ընկալունակության բարձրացմանը: Այս մասին է խոսում այն հանգամանքը, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով առավել ախտահարված Կենտրոնական Աֆրիկայի երկրները գտնվում են Սահարայում գտնվող ֆրանսիական միջուկային ռազմակայանից փչող քամիների հիմնական ուղղության գոտում:
Չնայած այս բոլոր վարկածները հիմնված են տարբեր փաստերի վրա, ներկայումս ՄԻԱՎ-ի ծագման մասին միասնական կարծիք չկա:

Համաճարակաբանությունը
ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները
Մարդու օրգանիզմում ՄԻԱՎ-ը գտնվում է տարբեր կենսաբանական հեղուկներում, հատկապես արյան, սերմնահեղուկի, հեշտոցային արտադրության, կրծքի կաթի, ողնուղեղային հեղուկի, լիմֆոիդ հյուսվածքների մեջ, գլխուղեղում, ներքին օրգաններում, ավելի քիչ քանակությամբ արցունքի, քթի, քրտինքի մեջ:
Վարակի աղբյուրից վիրուսը առողջ մարդուն կարող է փոխանցվել 3 ճանապարհով՝ սեռական, պարենտերալ եւ ուղղահայաց՝ ՄԻԱՎ վարակակիր մորից պտղին/երեխային:
ՄԻԱՎ-ի փոխանցումը սեռական ճանապարհով- Սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցման գործոններն են՝ սերմնահեղուկը, հեշտոցային արտազատուկը եւ դաշտանային արյունը: Վարակումը հնարավոր է հետերո –եւ հոմոսեքսուալ ճանապարհով, ինչպես նաեւ օրալ-գենիտալ հարաբերությունների ժամանակ: ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը մեծանում է սեռական զուգընկերների թվի ավելացմանը զուգահեռ:
Կանայք ավելի խոցելի են ՄԻԱՎ-ի նկատմամբ: Տղամարդուց կնոջը վիրուսի փոխանցման հավանականությունը 2-3 անգամ ավելի բարձր է, քան կնոջից տղամարդուն: Կնոջից կնոջը փոխանցման հավանականությունը շատ ցածր է: Սեռական հարաբերությունների որոշ ձեւեր ՄԻԱՎ-ի փոխանցման առումով առավել վտանգավոր են: Դրանցից են անալ եւ հեշտոցային հարաբերությունները: Վտանգն ավելի է մեծանում, երբ սեռական օրգանները շփվում են արյան հետ (տրավմատիկ կամ դաշտանային արյուն): Անալ սեռական հարաբերություններն ավելի վտանգավոր են: Այդ հարաբերությունների ժամանակ ուղիղ աղու լորձաթաղանթի վրա առաջացող բազմաթիվբազմացող վնասվածքները հեշտացնում են վիրուսի ներթափանցումը սերմնահեղուկից արյան մեջ: Ուղիղ աղու լորձաթաղանթի վրա կան այսպես կոչված M բջիջներ, որոնք ընդունակ են ընտրողաբար իրենց մակերեւույթին կապել ՄԻԱՎ-ը եւ փոխանցել լիմֆոցիտներին, անգամ լորձաթաղանթի վնասվածքների բացակայության դեպքում:
Սեռավարակների առկայությունը զգալիորեն բարձրացնում է ՄԻԱՎ-ով վարակման վտանգը: Դա ոչ միայն պայմանավորված է այդ հիվանդությունների ժամանակ սեռական օրգանների շրջանում խոցերի առկայությամբ, այլ նաեւ հանգամանքով, որ որպես պաշտպանական ռեակցիա, սեռավարակների ժամանակ դեպի բորբոքային օջախ են շարժվում մեծ թվով մակրոֆագեր եւ T լիմֆոցիտներ, որոնք արդեն կարող են ՄԻԱՎ վարակակրի մոտ վիրուս կրել եւ բարձրացնել զուգընկերոջը վարակելու հավանականությունը:
   ՄԻԱՎ-ի փոխանցումը պարենտերալ ճանապարհով – այս ճանապարհով վիրուսը կարող է փոխանցվել վարակված արյան եւնրա բաղադրանյութերի (հատկապես հեմոֆիլիայի ժամանակ կիրառվող եւ ջերմային մշակման չենթարկվող VIII եւ IX գործոնների) ներարկման ժամանակ: Այս դեպքում ռեցիպիենտի վարակվելու հավանականությունը 95-100% է:
ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել նաեւ օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման ճանապարհով, արհեստական բեղմնավորման ժամանակ, վարակված արյունով կամ այլ կենսաբանական հեղուկներով աղտոտված եւ չախտահանված ասեղների, ներարկիչների, բժշկական գործիքների օգտագործման ժամանակ՝ վնասված մաշկի, լորձաթաղանթների (աչքի, բերանի խոռոչի) վրա վարակված արյուն ընկնելիս: Հիվանդացությունը բարձր է հատկապես թմրանյութեր օգտագործողների մոտ, որոնք հաճախ են միեւնույն ներարկիչով թմրանյութեր ներարկում միմյանց: Երբ ընդհանուր տարողությունից մի քանի ներարկիչներով թմրանյութ է օգտագործում, եթե ներարկիչներից որեւէ մեկում վարակված արյուն լինի, թմրանյութը կվարակվի: Հեղուկ թմրանյութում վիրուսի կենսունակությունը մինչեւ 2 շաբաթ կարող է պահպանվել: Ուստի վարակը կարող է փոխանցվել նաեւ հենց վարակված թմրանյութից: Բացի այդ, թմրանյութ պատրաստելիս երբեմն արյուն է օգտագործվում:
ՄԻԱՎ-ի փոխանցումը վարակակիր մորից պտղին/երեխային (ուղղահայաց փոխանցում) – այս ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցումը հնարավոր է հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ եւ նորածնին կրծքով կերակրելիս: Այս ճանապարհով վարակի փոխանցման հավանականությունը տարբեր երկրներում տատանվում է 15-45% ՝ կախված մոր եւ երեխայի հետ կապված տարբեր նպաստող գործոններից: Մոր մոտ վիրուսային ծանրաբեռնվածության աստիճանը, մոր ընդհանուր առողջական վիճակը, սեռավարակների առկայությունը, թմրանյութի, ծխախոտի կամ ալկոհոլի օգտագործումը, ընկերքի ամբողջականության խախտումը, ծննդաբերական գործունեության անոմալիաները, պտղի 2.5կգ-ից պակաս քաշը, վաղաժամ ծննդաբերությունը (մինչեւ 38 շաբաթ) կարող են բարձրացնել վիրուսի փոխանցման վտանգը: Նշանակություն ունեն նաեւ գենոտիպն ու ֆենոտիպը:
Բուժումը – Հաշվի առնելով, որ ներկայումս ՄԻԱՎ վարակի բուժումը լիարժեք առողջացում չի ապահովում, ՄԻԱՎ վարակի բուժման հիմնական սկզբունքներն են՝
1.    ՄԻԱՎ վարակի հետագա զարգացման կանխալգելումը,
2.    օպորտունիստ վարակների առաջնային կանխարգելումը,
3.    օպորտունիստ վարակների երկրորդային կանխարգելումը,
4.    օպորտունիստ վարակների բուժումը:
Բուժման հիմնական խնդիրներն են՝ CD+4 բջիջների քանակի ավելացում, հիվանդության հետագա զարգացման դանդաղում: Բուժման արդյունավետությունը կախված է բուժման ժամանակը սկսելուց եւ դեղորայքի ճիշտ ընտրությունից: Ներկայումս օգտագործվող դեղամիջոցները բաժանվում են 2 խմբի՝
1. հետադարձ տրանսկրիպիտազայի ինհիբիտորներ, դրանցից են՝ զիդովադին, դիդանոզին, աբակավիր, լամիվուդին, կոմբիվիտ:
2.  ՄԻԱՎ-ի պրոտեազայի ինհիբիտորներ (ՊԻ)- ռիտոնավիր, սաքինավեր եւ այլն:
Դեղամիջոցները կարելի է օգտագործել մոնոթերապիայի, բիթերապիայի եւ համակցված թերապիայի ձեւով: Առավել արդյունավետ է բարձր ինտենսիվության թերապիան, որը եռաթերապիա է: Կուրսի տեւողությունը 12 շաբաթ է: Եթե դրական դինամիկա չի նկատվում, բուժումը շարունակվում է այլընտրանքային սխեմայով:
Այս դեղամիջոցներն ունեն արտահայտված թունավոր հատկություններ, լիովին չեն դադարեցնում վիրուսի դեպլիկացիան, դրանց նկատմամբ բավական արագ զարգանում է կայունություն:
Հակառետրովիրուսային բուժման ընթացքում կատարվում է պլանային հետազոտություն եւ կոնսուլտացիա: Անցանկալի երեւույթների առաջացման ժամանակ կատարվում են ոչ պլանային հետազոտություններ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղղությամբ: Մեծ է խորհրդատվության դերը, որի հիմքում ընկած է «հավասարը հավասարի հետ» սկզբունքը: ՄԻԱՎ-ի նկատմամբ խորհրդատվությունը կազմված է 3 հաջորդական փուլերից՝
1.    նախաթեսթային,
2.    հետազոտություն ՄԻԱՎ-ի նկատմամբ (անանուն կամ գաղտնի),
3.    հետթեսթային խորհրդատվություն:
Բուժկանխարգելիչ հիմնարկներում ՄԻԱՎ վարակի տարածման եւ բուժաշխատողների մասնագիտական վարակման կանխարգելման միջոցառումների մասին:
Գնալով մեծանում է բժշկական հիմնարկներ ՄԻԱՎ-ի ներթափանցման վտանգը, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր անձնավորություն, որը դիմում է բուժհաստատություն, պետք է դիտվի որպես պոտենցիալ ՄԻԱՎ վարակակիր, բուժաշխատատեղերում պետք է լինեն այնպիսի պայմաններ, որոնք բացառեն ՄԻԱՎ վարակակիրներից կամ ՁԻԱՀ-ով հիվանդից վիրուսի փոխանցումը այլ հիվանդներին, բուժաշխատողներին եւ տեխնիկական անձնակազմին:

Ենթաբաժին: Եղեք առողջ | Ավելացրեց: Admin (30.01.2012)
Դիտում: 2829 | Հեղինակություն: 2.0/1
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները
[ Գրանցում | Մուտք ]
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ հաճախությամբ եք դիմում բժշկի
Ընդամենը քվեարկել են: 367
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին