ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆ
Եղեք առողջ [14]
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՈՒՄ
ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ծրագիրը իրագործվում է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով



Գլխավոր » Հոդվածներ » Եղեք առողջ

Բուժաշխատողների մասնագիտական հիվանդությունները
Ինչպես ածխահատները, քարհատները, մարդիկ, ովքեր օրն ի բուն գործ ունեն համակարգչի հետ եւ որոշակի մասնագիտություն ունեցող այլ անձիք, այնպես էլ առողջապահության ոլորտի որոշակի խմբի աշխատողներ զերծ չեն մասնագիտական հիվանդություն ստանալու վտանգից:

Բուժաշխատողների մասնագիտական հիվանդությունները նպատակահարմար է դասակարգել պատճառագիտական սկզբունքով: Բուժաշխատողների շրջանում տարածված առավել վտանգավոր եւ կանխորոշման առումով առավել «անբարենպաստ» ալերգիկ հիվանդությունը անաֆիլաքսային ցնցակաթվածն է՝ ալերգիական անմիջական հակազդեցության տեսակը, որ ծագում է ալերգենը երկրորդ անգամ օրգանիզմ թափանցելու հետեւանքով: Այն բնորոշվում է արագ զարգացող ախտանիշներով՝  զարկերակային ճնշման ցածրացում, մարմնի ջերմության բարձրացում, կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խաթարում, անոթների թափանցելիության մեծացում եւ հարթ մկանային օրգանների կարկամ (սպազմ): Հիվանդությունը հակազդեցությունն է մարդու օրգանիզմ ալերգածինների (անկախ ուղուց եւ չափից) կրկնակի ներածման՝ նույնիսկ եթե չափաբաժինը շատ չնչին է:
Կլինիկական օրինակ: Հիվանդանոցի բուժքույրը գործ է ունենում քլոր պարունակող վարակազերծող լուծույթի, պատվաստանյութերի, շիճուկների, դեղանյութերի հետ: Հետագա 8 տարիներին այս բուժքույրը տառապել է հեւոցից, շնչարգելությունից, ոչ մեծ քանակի խորխարտադրությամբ ուղեցվող հազից, կրծքավանդակի առաջնամասի բութ ցավերից: Այս ախտանիշները ավելի հաճախ դրսեւորվել են աշխատանքի ժամանակ եւ ուժեղացել են աշխատանքային օրվա վերջում:
Թոքերում լսվում է չոր, սուլող խզզոց, ընդբախման ժամանակ՝ արկղաձայն: Հիվանդանոցային բուժումը կարճաժամկետ բուժում է ապահովում, բայց հիվանդանոցից դուրս գրվելուց 10 օր անց հիվանդությունը վերսկսվում է:
Հիվանդ բուժքույրը բազմիցս կատարել էր պատվաստումներ: Դրանցից մեկի ժամանակ, սրվակը բացելիս, ինքնազգացողությունը սրվում-վատանում է, կտրուկ թուլություն է վրան իջնում, սկսվում է գլխապտույտ, որից հետո կորցնում է գիտակցությունը: Ապա սկսվում է անաֆիլաքսային ցնցակաթված, որը հաջողվում է կասեցնել գլյուկոկորտիկոստերոիդային պատրաստուկներ ներարկելուց հետո միայն:

Մասնագիտական բրոնխային հեղձուկ

Սա բուժաշխատողների շրջանում առավել տարածված ալերգիական հիվանդություններից մեկն է, իսկ պրոցեդուրային բուժքույրերի հիվանդացությունը բրոնխային հեղձուկ հիմնականում պայմանավորված  է ալերգիկ ներգործություն ունեցող շատ նյութերի հետ ավելի հաճախակի շփումով: Բուժաշխատողների օրգանիզմում բրոնխային հեղձուկով առաջացնում են լատեքսը, վարակազերծող  միջոցները (քլորամին, ֆորմալդեհիդ), հակաբիոտիկները, բուսական դեղագործական հումքը, ախտորոշիչ հավաքածուների քիմիական բաղադրիչները: Մասնագիտական բրոնխային հեղձուկի հատուկ տարբերակված ախտորոշման  հուսալի եղանակներից մեկը պրովոկացիոն ինհալացիոն փորձն է քիմիական ալերգածինների ջրային նվազագույն խտության լուծույթներով, որը բացառում է նման նյութերին բնորոշ հոտի եւ գրգռող հատկությունների ազդեցությունը:
Կլինիկական օրինակ: Հիվանդը դեղագործ է: Մասնագիտական 29—ամյա գործունեության ընթացքում հաճախակի շփվել է բուսական հումքի (կեչու բողբոջներ, կաղնու կեղեւ, կատվախոտ (վալերիանա), սուսամբար, օշինդր, արեւքուրիկ, էվկալիպտ, եղինջ, դաղձ, հազարատերեւուկ, առյուծագի եւ այլն) հետ, պատրաստել է տարբեր դեղամիջոցներ, 20 տարի աշխատելուց հետո նա սկսում է հազալ՝ դժվարությամբ անգույն խորխ թքելով, շարունակ օդի պակաս զգալով, ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ անգամ հանգստի ժամանակ հեւալով: Բժշկի դիմելուց հետո հիվանդը բուժվում է թոքային բաժանմունքում, որտեղ էլ ախտորոշվում է՝ մասնագիտական բրոնխային հեղձուկով: Այն հետագայում խորանում է եւ տարեկան 3-4 սրացման է հանգեցնում:

Ալերգիկ քթաբորբ
Մասնագիտական շատ գործոններ, որոնց հետ առնչվում են բուժաշխատողներն ու դեղագործները, լիարժեք ալերգահարույցներ են կամ էլ խիստ գրգռող ազդեցություն են ունենում քթի լորձաթաղանթի եւ թոքային հյուսվածքի վրա: Հիվանդության հիմնական ախտանշաններն են քորը եւ քթի խոռոչի լորձաթաղանթի գրգռվածությունը, փռշտոցը եւ քթի խլնահոսությունը (ռինորեա): Մասնագիտական ծագման ալերգիկ քթաբորբն ուղեկցվում է կոկորդի խտուտով, ականջների եւ աչքերի քորով, արցունքահոսությամբ եւ ակնախնձորի այտուցով: Աշխատանքի ժամանակ քթով շնչելը դժվարանում է: Քթից առատորեն արտազատվող հեղուկն ավելի շատ լորձային, քան ջրային բնույթի է: Քթի խոռոչը զննելիս նկատվում է գունտ լորձաթաղանթ, քթանցքերի նեղացում:

Բուժաշխատողների մասնագիտական հիվանդությունները

Կլինիկական օրինակ

Հիվանդը գինեկոլոգիական բաժանմունքի բուժքույր է: Շփվել է հակաբիոտիկների, սուլֆանիլամիդային պատրաստուկների, անզգայացնող նյութերի (լուծույթներ, հաբեր), ախտահանող եւ լվացող միջոցների հետ: Գանգատները՝ քթի փակվածություն, ինքնահոսություն, գլխացավ, մաշկի, դեմքի, ականջների քոր: Կատարվում է ալերգոբանական եւ իմունաբանական հետազոտություն: Կլաֆորանի լուծույթով մաշկային թեսթավորման (հիվանդը տվյալ պատրաստուկով չէր բուժվել, բայց դրա հետ մասնագիտության բերումով շփվել էր) հակազդեցությունը դրական էր:
Կլինիկական հետազոտության արդյունքում ախտորոշվում է ալերգիկ քթաբորբ, ալերգիկ մաշկաբորբ, եղնջատենդ:
Կենսաբանական գործոնների ազդեցությամբ առաջացող մասնագիտական հիվանդությունների շարքում են տուբերկուլյոզը, տոքսոպլազմոզը, վիրուսային հեպատիտը, մաշկի սնկագարությունը (միկոզ), սիֆիլիսը, ՄԻԱՎ վարակը: Դիսբակտերիոզը, մաշկի եւ լորձաթաղանթների կանդիդոմիկոզը, ընդերային (վիսցերալ) կանդիդոզը առաջանում են վարակիչ հիվանդների կամ վարակված նյութերի, սնկերի, հակաբիոտիկների հետ շփումներից (աշխատանք ամբուլատոր եւ ստացիոնար հաստատություններում, դեղատներում, մանրէաբանական լաբորատորիաներում, միկրոկենսաբանական բժշկական արդյունաբերությունում):
Բուժաշխատողների մասնագիտական հիվանդությունների մեջ առաջին տեղում վիրուսային հեպատիտն է: Ըստ պատճառագիտության առանձնանում է հեպատիտի 3 խումբ՝ քրոնիկական հեպատիտ B, քրոնիկական հեպատիտ C, խառը հեպատիտներ՝ B+C, B+C+G: Գերակշռողը հեպատիտ C-ն է: Վիրուսային հեպատիտով բուժաշխատողների վարակվածության առանձնահատկություններն են ՝ 1) հեպատիտի խառը (B+C) ձեւերի առավել հաճախականությունը, որ դժվարացնում է հիվանդության բուժումն ու ախտորոշումը, 2) լյարդի նախորդ տոքսիկոալերգիական վնասման համապատկերին վիրուսային հեպատիտի առաջացումը (դեղային, քիմիական, տոքսիկալերգիական հեպատիտ), 3) դեղային առկայությունը, 4) հեպատիտի բարդությունների քանակի աճը, 5) լյարդային անբավարարությունը, լյարդի քաղցկեղը, լյարդի ցիռոզը: Դրա հետ է կապված հիվանդության առավել ծանր ընթացքը եւ նվազ  բարենպաստ ելքը:
Հետազոտությունները վկայում են, որ պարէնտերալ ճանապարհով վարակման մասնագիտական խմբի մեջ մտնում են ոչ միայն հիվանդի արյան հետ անմիջականորեն շփվող անձինք (վիրաբույժներ, ռեանիմատոլոգներ, վիրաբուժական քույրեր եւ այլն), այլեւ թերապեւտական մասնագիտությունների բժիշկներ (նյարդաբան, արյունաբան, թերապեւտ), ովքեր պարբերաբար կատարում են պարէնտերալ գործողություններ:
Պոտենցիալ վտանգ ներկայացնող կենսաբանական հեղուկների շարքին են դասվում նաեւ ողնուղեղայինը, ձուսպայինը (սինովալ), թոքայինը, արտապարկայինը, որովայնամզայինը եւ սերմնայինը: Դրանց հայտնվելը նույնիսկ աննշան վնասված մաշկին կամ լորձաթաղանթին կարող է վարակ հարուցել:
ցանկացած վարակիչ կամ մակաբուծային հիվանդություն կարող է որոշակի պայմաններում դառնալ մասնագիտական: Այս առումով բուժաշխատողների համար խիստ արդիական են գրիպը եւ մանկական վարակիչ հիվանդությունները, օրինակ՝ կարմրուկը, դիֆթերիան, համաճարակային պարօտիտը:

Վերին շնչուղիների վնասվելը գրգռող ներգործության քիմիական նյութերով
Բնորոշ է կրտսեր բուժանձնակազմին, լաբորատորիաների եւ դեղագործական ձեռնարկությունների աշխատողներին. այն դրսեւորվում է լորձաթաղանթի ոչ յուրահատուկ բորբոքումով (կատար): Քթի լորձաթաղանթի բորբոքման հետեւանքով սովորաբար առաջանում է քրոնիկական ատրոֆիկ քթաբորբ:

Տոքսիկական եւ տոքսիոալերգիական հեպատիտներ
Կարող են ախտահարել բուժաշխատողներին ընդհանուր անզգայացման միջավայրի եւ հակամանրէային պատրաստուկների ներգործությամբ: Այսպես, վիրահատական սրահներում միկրոկլիմայի հետազոտությունը բացահայտել է, որ նույնիսկ օդափոխության համակարգի բնական աշխատանքի պայմաններում առավել լայնորեն տարածված անզգայացնող նյութի (անզգայացման համար եթեր) խտությունը գերազանցում է անեսթեզիոլոգի շնչառության գոտում սահմանային գոտում թույլատրելի խտությանը 10-11 անգամ, իսկ վիրաբույժի շնչառական գոտում՝ 3 անգամ: Դա կարող է հագեցնել լյարդի գործուն մասի տարածուն վնասվածքի, պիգմենտային փոխանակության խախտման, տոքսիկոալերգիական հեպատիտի առաջացման: Ֆիզիկական բնույթի արտադրական վնասակար գործոններից (թրթռում, աղմուկ, ճառագայթման տարբեր տեսակներ) բուժաշխատողների մասնագիտական հիվանդության պատճառ են հանդիսանում տարատեսակ իոնացնող եւ չիոնացնող ճառագայթման տեսակները (ճառագայթում, ուլտրաձայնային, լազերային ճառագայթում): Դրանք կարող են հարուցել ճառագայթային վնասվածքներ, վեգետատիվ անոթային տոնուսի խանգարում, ասթենիկ, ասթենովեգետատիվ, հիպոթալամուսային ախտանշաններ, լազերային ճառագայթումով հյուսվածքների տեղային վնասում, վեգետատիվ զգայարանային պոլինեւրոպաթիա, մաշկի ուռուցքներ, արյունածին օրգանների ախտահարում (լեյկոզ) եւ այլն:
Ոչ նպատակահարմար դիրքում մնալը հանգեցնում է մարմնի հենաշարժական համակարգի գործառական անբավարարության, որն էլ դրսեւորվում է հոգնածությամբ եւ տարաբնույթ ցավերով: Ընդ որում, հոգնածության առաջին նշաններն (օրինակ՝ քիթ-կոկորդ-ականջաբանների ձեռքերի մկանները) ի հայտ են գալիս աշխատանքի 1,5-2 տարվա ընթացքում: Հարկադրական աշխատանքային դիրքում մշտապես լինելիս (քիթ-կոկորդ-ականջաբաններ, վիրաբույժներ, ստոմատոլոգներ եւ այլն) խանգարումները ձեռք են բերում կայուն բնույթ՝ առաջացնելով հենաշարժական, նյարդային, անոթային համակարգի առանձին հիվանդություններ (ողնաշարի օստեոխոնդրոզ, ստորին վերջույթների երակների վարիկոզ (հանգուցավոր) լայնացում):
Բժշկական մասնագիտության որոշակի խմբերի ներկայացուցիչներին բնորոշ է տեսական տեսողական համակարգի լարվածությունը: Միկրովիրահատության, ստոմատոլոգիայի, ականջակոկորդաբանության ոլորտներում վիրահատական մանրադիտակներով աշխատանքը դասակարգում են առավելագույն ճշգրտություն պահանջող տեսողական աշխատանքների կարգին: Այս աշխատանքները կատարելիս աչքի ծանրաբեռնվածությունը պայմանավորվում է լույսի աղբյուրի եւ լուսավորող օբյեկտի միջեւ կտրուկ հակադրությամբ  (կոնտրաստ), դիտարկվող օբյեկտի դժվար հասանելիությամբ, շրջապատող տարածության  մթագնմամբ: Այս ամենը մեծապես ծանրաբեռնում է աչքի հարմարվողական համակարգը, որն էլ հանգեցնում է տեսողության թուլացման: Այն դրսեւորվում հարմարվողականության խաթարմամբ: Բուժաշխատողների տեսողական օրգանների փոփոխություններն (աչքի կարճատեսական լուսաբեկում) աշխատանքային ստաժի մեծացմանը զուգահեռ մեծանում են:
Մասնագիտական նեւրոզներ
Կարող են առաջանալ հոգեկան հիվանդներին երկար ժամանակ բուժելիս: Դա վերաբերում է հոգեբուժական հաստատությունների բուժաշխատակազմին, նաեւ՝ հոգեպես ոչ լիարժեք երեխաների հաստատությունների մանկավարժական եւ սպասարկող անձնակազմերին:

Ջուլիետա Ջոկլինյան
Վանաձորի պետական բժշկական
 քոլեջի տնօրեն, թերապեւտ


Ենթաբաժին: Եղեք առողջ | Ավելացրեց: Admin (10.05.2012) | Հեղինակ: Ջուլիետա Ջոկլինյան
Դիտում: 1957 | Քննարկում: 3 | Տեգեր: մասնագիտական հիվանդություններ, Ջուլիետա Ջոկլինյան, Գրադարան, առողջապահական կամուրջ | Հեղինակություն: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները
[ Գրանցում | Մուտք ]
ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ հաճախությամբ եք դիմում բժշկի
Ընդամենը քվեարկել են: 367
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Լոռու մարզային գրադարան
  • Տեղեկատու Վանաձոր
  • EIFL
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0
    ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
    Առցանց խորհրդատուն ժամանակավոր չի գործում, Ձեր հարցերը կարող եք գրել Հարց-պատասխան բաժնում եւ բժիշկը կպատասխանի Ձեր հարցերին